Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են:

Ի՞նչ է բնորոշ բույսերին: Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Անտառում, այգիներում, դասշտերում, ծաղկամանների մեջ։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝ վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսը ունի օրգաններ՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ և սերմ, պտուղ։ Ստորգետնյա հատվածը արմատն է, վերգետնյա հատվածը տերևներ, ճյուղեր և ցողուն։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Արև, հանքային նյութեր, ջուր։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Բույսը օգտագործում է ածխաթթու գազը և ստեղծում է օրգանական նյութեր։ Բույսը ստեղծում է թթվածին։
  5. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Ցորենի արմատը մեծ է, որ բույսը լավ ամրանա հողին։ Ծիրանի ծառ մանուշակ, վարդ, տանձի ծառ։
  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում: Բույսերը տալիս են թթվածին։ Կան բույսեր, որոնցից կարելի է բուժում ստանալ, օրինակ ալոէ վերա։ Բույսերի մի մասը կարելի է ուտել։

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան: Կենդանի օրգանիզմները հեռացնում են ոչ պետքական նյութեր, շնչում են, ուտում են, խմում են։
  2. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը: Ձևափոխում են էներգիան և նյութերը։
  3. Ի՞նչ է էկոլոգիան: Դա գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանիների կապը իրար և հետ և բնության հետ։
  4. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակ։ Հյուսիսում սառը կլիմա է և կենդանիները հաստ մորթի ունեն։

Կենսոլորտ. նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտը դա երկրագնդի այն մասն է, որտեղ կան կենդանի օրգանիզմներ։ Կենսլորտի մեջ մտնում է ջրոլորքը, քարոլորտի վերևի մասը և մթնոլորտի ներքևի մասը։
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Բույսերը, կենդանիները, բակտերիաները և սնկերը։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Կենդանիների, բույսերի, սնկերի և մանրէների թագավորություններ։ Մարդը կենդանիների թագավորության մեջ է։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենդանիները շնչում են թթվածին, խմում են ջուր։ Բույսերը օգտագործում են ածխաթթու գաս և տալիս են թթվածին։ Բույսերը օգտագործում են ձուր և հանքային նյութեր։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Նյութերի հոսք, էներգիայի ծախս։
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին: Մեր տանը ապրում են մի քանի կենդանիներ – ձկներ, կրիա, թութակներ և ճագար, որոնք կենդանիների թագավորությունից են։ Մեր տանը աճում է կակտուս, որը բույսերի թագավորությունից է։ Սենյակի պատերին կա բորբոս, որ սնկերի թագավորությունից են։ Ամեն տեղ կան բակտերիաներ, որոնք մանրէների թագավորությունից են։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Աղբի կուտակումներ, օդի աղտոտվածություն, օվկիանոսի աղտոտվածություն աղբով, նավթով, պլաստիկով, անտառների կտրում։

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը  մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից: Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները։
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Տեղանքի բարձրություն, աշխարհագրական լայնություն։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային։ Ցամաքային
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիմամ ավելի մեղմ է, շատ ցուրտ և շոգ չի լինում, խոնավությունը բարձր է։ Ցամաքային կլիմայի ժամանակ ձմեռը ցուրտ է, իսկ ամառը շոգ է։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսոնային կլիմայի ժամանակ ցուրտ ու չոր ձմեռ է և տաք ու խոնավ ամառ։ Միջերկրածովային կլիմային բնորոշ է մեղմ ու խոնավ ձմեռ և չոր ու շոգ ամառ։

Քամի: Քամու տեսակները

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: Օդի շարժում է, որը առաջանում է մթնոլորտի տաք և սառը հատվածների շարժումից։
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին: Բրիզ, Լեռնահովտային քամի, Մուսսո, Պասսատ։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից: Մուսոները փոխում են ուղությունը կախված տարվա ժամանակից, իսկ բրիզը օրվա ժամից։
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը: Իրենք փչում են արևադարձային հատվածներից դեպի հասարակածին։

Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը: Բարոմետր։
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության: Բարձրանալուց ճնումը իջնում է, ամեն 1 կմ 100 մմ սնդիկի սյան։
  4. Ի՞նչ է իզոբարը: Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը: Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: 660 – 1 x 100 = 560 մմ սնդիկի սյան։

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը երկիր մոլորակը շրջապատող գազային շերտ է, այն կազմված է՝ ազոտից, թթվածնից, ածխաթթու գազից, ջրածնից, փոշուց, ջրի, գոլորշուց։
  • Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Որովհետև երկիր մոլորակը ձգողական ուժի շնորհիվ պահում է մթնոլորտը։
  • Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: 3000 կմ։
  • Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։
  • Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Այս տեղ գտնվում է օդի մեծ մասը։
  • Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: Այն կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից: Աևի ճառագայթները ազատ անցնում են օդի միջով։
  • Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը: Ամեն մեկ կիլոմետր բարձրանալուց օդի ջերմաստիճանը իջնում է 5℃։
  • Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Որովհետև երկրագնդի տարբեր հեռավորություն ունեն արևից։
  • Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ: 10℃

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծbածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխա nn նակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

ոռոգման, կենցաղային, արդյունաբերության, Էլեկտրո էներգիա ստանալու համար

  • Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

թափոններով, յուղերով, նավթով։

  • Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

մաքրման աշխատանքներ, աղազերծումը և օգտագործումը, օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ, այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

  • Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

Երկիր մոլորակի վրա քաղցրահամ ջուրը քիչ է և անհավասար է բաշխված։

  • Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Կարելի է օգտագործել, բայց աղազերծելուց հետո։

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

  • Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Ծածկույթային և լեռնահովտային

  • Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտի պոկված մասը, որը լողում է օվկյանոսում։

  • Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում: