Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Իր կեցվածքից։
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Մեծահոգի, բացահայտ, կեցվածք, խոշոր, հպարտ։
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա-Թագավոր, խոշոր-մեծ, վեհ-բարձր, կասկածել-երկբայել:
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ-այո, ծանր-թեթև, խոշոր-մանր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-առաջացնել, կուշտ-սոված։
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին։
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Կասկածում, վիճարկում, ոչնչացնում, նախազգուշացնելով, սպասում:
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Ութ հարյուր, յոթ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ Նա փոքր որսի վրա բացահայտ է գնում՝ իր ուժեղ մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների առյուծ արքան որսի է ելել։
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-—թխվածք, նստվածք, գրվածք
-ային-—տնային, մարդկային, համակարգչային
-ական-—դասարանական, հնդկական, հայկական, տնական
-ակ-—տնակ, գնդակ, լճակ,
-եղեն-—խմորեղեն, ոսկեղեն, քաղցրեղեն
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։
Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից մեկը։
Այս գիշատիչները ունեն իրենց տարածքները,որը նրանք պաշտպանում են և որի համար միշտ պատրաստ են պայքարի մեջ մտնել։
Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։