Կենսոլորտ. նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտը դա երկրագնդի այն մասն է, որտեղ կան կենդանի օրգանիզմներ։ Կենսլորտի մեջ մտնում է ջրոլորքը, քարոլորտի վերևի մասը և մթնոլորտի ներքևի մասը։
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Բույսերը, կենդանիները, բակտերիաները և սնկերը։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Կենդանիների, բույսերի, սնկերի և մանրէների թագավորություններ։ Մարդը կենդանիների թագավորության մեջ է։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենդանիները շնչում են թթվածին, խմում են ջուր։ Բույսերը օգտագործում են ածխաթթու գաս և տալիս են թթվածին։ Բույսերը օգտագործում են ձուր և հանքային նյութեր։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Նյութերի հոսք, էներգիայի ծախս։
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին: Մեր տանը ապրում են մի քանի կենդանիներ – ձկներ, կրիա, թութակներ և ճագար, որոնք կենդանիների թագավորությունից են։ Մեր տանը աճում է կակտուս, որը բույսերի թագավորությունից է։ Սենյակի պատերին կա բորբոս, որ սնկերի թագավորությունից են։ Ամեն տեղ կան բակտերիաներ, որոնք մանրէների թագավորությունից են։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Աղբի կուտակումներ, օդի աղտոտվածություն, օվկիանոսի աղտոտվածություն աղբով, նավթով, պլաստիկով, անտառների կտրում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s