Քամի: Քամու տեսակները

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: Օդի շարժում է, որը առաջանում է մթնոլորտի տաք և սառը հատվածների շարժումից։
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին: Բրիզ, Լեռնահովտային քամի, Մուսսո, Պասսատ։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից: Մուսոները փոխում են ուղությունը կախված տարվա ժամանակից, իսկ բրիզը օրվա ժամից։
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը: Իրենք փչում են արևադարձային հատվածներից դեպի հասարակածին։

Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը: Բարոմետր։
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության: Բարձրանալուց ճնումը իջնում է, ամեն 1 կմ 100 մմ սնդիկի սյան։
  4. Ի՞նչ է իզոբարը: Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը: Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: 660 – 1 x 100 = 560 մմ սնդիկի սյան։