Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ձեռագրերի հավաքածու է։ Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Մատենադարանը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունը: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից։

Բացի Էջմիածնից Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։
Էջմիածնի կաթողիկոսական Մատենադարանի և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների կենտրոններում պահպանված ձեռագրերի հիմքի վրա ձևավորվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:
Այն, ինչն այսօր պահվում է Մատենադարանում, պահպանված ձեռագրերի մի մասն է կազմում, քանի որ դարերի ընթացքում բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել և գողացվել են:
Հայալեզու ձեռագրերի մի մասը ոչնչացվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Արևմտյան Բազմաթիվ ձեռագրեր էլ փրկվել են Եղեռնից մազապուրծ հայերի անձնուրացության շնորհիվ` հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում։ Ժամանակի ընթացքում ձեռագրերի մի զգալի մասը վերադարձել է հայրենիք՝ Երևանի Մատենադարան։

Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:
Մատենադարանում կենտրոնացված ավելի քան 20.000 ձեռագիր միավորները ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն:
Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։