Մաքուր նյութեր և խառնուրդներ, խառնուրդների բաժանման եղանակները

Առօրյայում մենք շատ ենք օգտագործում «մաքուր ջուր», «մաքուր աղ», «մաքուր արծաթ (կամ ոսկի)» և նման այլ արտահայտություններ: Իրակա­նում այդ նյութերը բոլորովին էլ մաքուր չեն: Օրինակ՝ նույնիսկ ամենա­բարձր հարգի արծաթե կամ ոսկե մատանին պարունակում է նաև այլ նյու­թեր, այսինքն՝ իրականում խառնուրդ է:

Մաքուր չէ նաև խմելու ջուրը, որը նույնպես պարունակում է խառ­նուրդներ՝ թեկուզ քիչ քանակով: Դեռ ավելին՝ իսկական մաքուր (թորած) ջուրն օգտակար չէ առողջությանը:

Օդը, որը մենք շնչում ենք, նույնպես խառնուրդ է ու բաղկացած է մի քանի գազից՝ ազոտ, թթվածին, ածխաթթու գազ, ջրային գոլորշիներ, արգոն և այլն:

Մաքուր նյութերը բաղկացած են միայն մեկ նյութի մասնիկներից և ունեն հաստատուն բաղադրություն:

Խառնուրդները բաղկացած են մեկից ավելի նյութերի մասնիկնե­րից, ըստ որում այդ բաղադրիչ նյութերը պահպանում են իրենց հատ­կությունները:

Հաճախ (բայց ոչ միշտ) հնարավոր է անզեն աչքով տարբերել մա­քուր նյութը խառնուրդից, օրինակ՝ տարբեր գույնի պինդ նյութերի խառ­նուրդները: Կամ, եթե թափանցիկ անոթի մեջ լցնենք ջուր, ավելացնենք ածխի փոշի և անոթը թափահարենք, ապա կստացվի ջրի ու ածխի փոշու խառնուրդ, որում պարզորոշ երևում են ածխի սև մասնիկները: Որոշ ժա­մանակ անց ջրից թեթև ածխի մասնիկները կբարձրանան վերև, և ջուրը կմաքրվի:

Սակայն կերակրի աղը ջրում լուծելիս ջուրը թափանցիկ է մնում, և ա­ղի առկայությունը ջրում բացահայտվում է, օրինակ, համը փորձելիս:

Շատ հաճախ անհրաժեշտ է լինում բաժանել խառնուրդներն իրենց բաղադրիչների: Հայտնի են այդպիսի բաժանման մի շարք եղանակներ, ո­րոնցից առավել մատչելի են պարզեցումը, զտումը, շոգիացումը, մագնիսով բաժանումը, ինչպես նաև՝ թորումը:

Պարզեցում: Երբեմն տարբեր պատճառներով ջրի ծորակից հոսում է ավազի մասնիկներ պարունակող ջուր: Եթե այդ ջուրը լցնենք բաժակի մեջ և որոշ ժամանակ թող­նենք, ապա ջրից ծանր ավազի մասնիկները կնստեն բաժակի հատակին, և ջուրը կմաքրվի՝ կպարզվի: Այնուհետև  հնարավոր է մաքրված ջուրը զգուշությամբ լցնել մեկ այլ բաժակի մեջ:

Զտում: Եթե հեղուկին խառնված են չլուծ­վող պինդ մասնիկներ, ապա վերջիններս հնա­րավոր է առանձնացնել նաև զտմամբ (ֆիլտրմամբ): Այս եղանակից օգտվելիս օգտագործում են հատուկ զտիչ թուղթ (ֆիլտրի թուղթ): Ապակե կամ այլ նյութից պատրաստված ձագարը ֆիլտ­րի թղթով տեղադրում են ընդունող անոթի վրա և ձագարի մեջ լցնում պղտոր հեղուկը: Պինդ նյութի մաս­նիկները մնում են զտիչ թղթի վրա, իսկ մաքրված թափանցիկ զտահեղուկը հավաքվում է ընդունող անոթի մեջ:

Շոգիացում: Նշված երկու եղա­նակով անհնար է բաժանել հեղուկը և դրանում լուծված պինդ նյութը, օրի­նակ՝ կերակրի աղը կամ շաքարը ջրից: Այդ դեպքում կարելի է կիրառել շո­գիացումը: Օրինակ՝ եթե շաքարի ջրա­յին լուծույթը լցնենք թասիկի մեջ և սպիրտայրոցով կամ այլ տաքացուցի­չով տաքացնենք, ապա որոշ ժա­մանակ անց ջուրը կգոլորշանա, իսկ շաքարի մանր բյուրեղները կմնան թասիկի հատակին:

Թորում: Իսկ ինչպե՞ս վար­վել, եթե անհրաժեշտ է բաժանել միմյանց մեջ լավ լուծվող հեղուկները, օրինակ՝ սպիրտը կամ նավթը և ջուրը: Դեռ հին ժամանակներում մարդիկ նկատել էին, որ այդպիսի հեղուկները հնարավոր է բաժանել իրարից՝ խառնուրդը եռացնելով, և ապա՝ ավելի դյուրաեռ (հեշտ եռացող) հեղու­կի գոլորշին սառեցնելով ու մեկ այլ անոթում ստացված մաքուր հեղուկը հավաքելով: Սա շատ կարևոր եղանակ է, որի միջո­ցով, օրինակ, նավթից ստանում են բազմա­թիվ արժեքավոր բաղադրիչներ:

Մագնիսով բաժանում: Այս եղանակից հնարավոր է օգտվել, եթե խառնուրդի բաղադրիչներից մեկը ձգվում է մագնիսով, օրինակ՝ երկաթի մանր տաշեղների ու ծծմբի փոշու խառնուրդների դեպքում: Այդպիսի խառնուրդին մագնիս մոտեցնելիս երկաթի փոշին կձգվի մագնիսի վրա ու կառանձնանա:

Բնագիտական փորձ — փորձի համար անհրաժեշտ է մետաղե գդալ, մոմ, աղ կամ շաքարավազ, լուցկի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s