ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ  մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր: Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:

Պարզ նյութերը մի տարրից են բաղկացած, իսկ բարդ նյութերը 2 և ավելի տարրերից։

  1. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:

Մետաղները պինդ են, փայլուն են, ճկուն են, հաղորդում են էլեկտրականություն, իսկ ոչ մետաղները լինում են գազային, հեղուկ, պինդ, փխրուն են, չեն հաղորդում էլեկտրականություն։

Մաքուր նյութեր և խառնուրդներ, խառնուրդների բաժանման եղանակները

Առօրյայում մենք շատ ենք օգտագործում «մաքուր ջուր», «մաքուր աղ», «մաքուր արծաթ (կամ ոսկի)» և նման այլ արտահայտություններ: Իրակա­նում այդ նյութերը բոլորովին էլ մաքուր չեն: Օրինակ՝ նույնիսկ ամենա­բարձր հարգի արծաթե կամ ոսկե մատանին պարունակում է նաև այլ նյու­թեր, այսինքն՝ իրականում խառնուրդ է:

Մաքուր չէ նաև խմելու ջուրը, որը նույնպես պարունակում է խառ­նուրդներ՝ թեկուզ քիչ քանակով: Դեռ ավելին՝ իսկական մաքուր (թորած) ջուրն օգտակար չէ առողջությանը:

Օդը, որը մենք շնչում ենք, նույնպես խառնուրդ է ու բաղկացած է մի քանի գազից՝ ազոտ, թթվածին, ածխաթթու գազ, ջրային գոլորշիներ, արգոն և այլն:

Մաքուր նյութերը բաղկացած են միայն մեկ նյութի մասնիկներից և ունեն հաստատուն բաղադրություն:

Խառնուրդները բաղկացած են մեկից ավելի նյութերի մասնիկնե­րից, ըստ որում այդ բաղադրիչ նյութերը պահպանում են իրենց հատ­կությունները:

Հաճախ (բայց ոչ միշտ) հնարավոր է անզեն աչքով տարբերել մա­քուր նյութը խառնուրդից, օրինակ՝ տարբեր գույնի պինդ նյութերի խառ­նուրդները: Կամ, եթե թափանցիկ անոթի մեջ լցնենք ջուր, ավելացնենք ածխի փոշի և անոթը թափահարենք, ապա կստացվի ջրի ու ածխի փոշու խառնուրդ, որում պարզորոշ երևում են ածխի սև մասնիկները: Որոշ ժա­մանակ անց ջրից թեթև ածխի մասնիկները կբարձրանան վերև, և ջուրը կմաքրվի:

Սակայն կերակրի աղը ջրում լուծելիս ջուրը թափանցիկ է մնում, և ա­ղի առկայությունը ջրում բացահայտվում է, օրինակ, համը փորձելիս:

Շատ հաճախ անհրաժեշտ է լինում բաժանել խառնուրդներն իրենց բաղադրիչների: Հայտնի են այդպիսի բաժանման մի շարք եղանակներ, ո­րոնցից առավել մատչելի են պարզեցումը, զտումը, շոգիացումը, մագնիսով բաժանումը, ինչպես նաև՝ թորումը:

Պարզեցում: Երբեմն տարբեր պատճառներով ջրի ծորակից հոսում է ավազի մասնիկներ պարունակող ջուր: Եթե այդ ջուրը լցնենք բաժակի մեջ և որոշ ժամանակ թող­նենք, ապա ջրից ծանր ավազի մասնիկները կնստեն բաժակի հատակին, և ջուրը կմաքրվի՝ կպարզվի: Այնուհետև  հնարավոր է մաքրված ջուրը զգուշությամբ լցնել մեկ այլ բաժակի մեջ:

Զտում: Եթե հեղուկին խառնված են չլուծ­վող պինդ մասնիկներ, ապա վերջիններս հնա­րավոր է առանձնացնել նաև զտմամբ (ֆիլտրմամբ): Այս եղանակից օգտվելիս օգտագործում են հատուկ զտիչ թուղթ (ֆիլտրի թուղթ): Ապակե կամ այլ նյութից պատրաստված ձագարը ֆիլտ­րի թղթով տեղադրում են ընդունող անոթի վրա և ձագարի մեջ լցնում պղտոր հեղուկը: Պինդ նյութի մաս­նիկները մնում են զտիչ թղթի վրա, իսկ մաքրված թափանցիկ զտահեղուկը հավաքվում է ընդունող անոթի մեջ:

Շոգիացում: Նշված երկու եղա­նակով անհնար է բաժանել հեղուկը և դրանում լուծված պինդ նյութը, օրի­նակ՝ կերակրի աղը կամ շաքարը ջրից: Այդ դեպքում կարելի է կիրառել շո­գիացումը: Օրինակ՝ եթե շաքարի ջրա­յին լուծույթը լցնենք թասիկի մեջ և սպիրտայրոցով կամ այլ տաքացուցի­չով տաքացնենք, ապա որոշ ժա­մանակ անց ջուրը կգոլորշանա, իսկ շաքարի մանր բյուրեղները կմնան թասիկի հատակին:

Թորում: Իսկ ինչպե՞ս վար­վել, եթե անհրաժեշտ է բաժանել միմյանց մեջ լավ լուծվող հեղուկները, օրինակ՝ սպիրտը կամ նավթը և ջուրը: Դեռ հին ժամանակներում մարդիկ նկատել էին, որ այդպիսի հեղուկները հնարավոր է բաժանել իրարից՝ խառնուրդը եռացնելով, և ապա՝ ավելի դյուրաեռ (հեշտ եռացող) հեղու­կի գոլորշին սառեցնելով ու մեկ այլ անոթում ստացված մաքուր հեղուկը հավաքելով: Սա շատ կարևոր եղանակ է, որի միջո­ցով, օրինակ, նավթից ստանում են բազմա­թիվ արժեքավոր բաղադրիչներ:

Մագնիսով բաժանում: Այս եղանակից հնարավոր է օգտվել, եթե խառնուրդի բաղադրիչներից մեկը ձգվում է մագնիսով, օրինակ՝ երկաթի մանր տաշեղների ու ծծմբի փոշու խառնուրդների դեպքում: Այդպիսի խառնուրդին մագնիս մոտեցնելիս երկաթի փոշին կձգվի մագնիսի վրա ու կառանձնանա:

Բնագիտական փորձ — փորձի համար անհրաժեշտ է մետաղե գդալ, մոմ, աղ կամ շաքարավազ, լուցկի: