Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 2

Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը: Իր կարիքների համար մարդիկ որսում են կենդանիներ, շինանյութի համար ծառեր կտրում, ջրի համար ջրամբարներ են սարքում, հողը մշակելու համար անտառներ են հատում։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ: Բնական հանածոներ, փայտ, ջուր, տարբեր մետաղներ, հողը։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք: Սեղանների և աթոռների համար օգտագործվել է փայտ և երկաթ, պատրաստել փայտագործը։ Պատուհանների համար օգտագործվել է ապակի, որի համար օգտագործել են ավազ և կրակ։ Պատերը սարքած են տուֆից, պատրաստել շինարարը։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար: Պետք է աղբը թափել միայն աղբամանի մեջ։ Պետք է սորտավորել աղբը և վերամշակել հին իրերը։ Պետք է վերամշակել պլաստիկը, թուղթը և ապակին։ Կարող ենք կոմպոստ սարքել բնությանը օգնելու համար և որ բույսերը լավ աճեն։ Ես խնայում եմ ջուրը և էլեկտրաէներգիան, չեն թափում աղբը, դպրոցում օգնում եմ կոմպոստ սարքել։

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 1

1.Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր

  1. Բույսերի ի՞նչ տեսակներ գիտեք: ջերմասեր, լուսասեր, ստվերասեր, խոնավասեր, չորադիմացկուն։
  2. Թվարկեք չորադիմացկուն բույսերը: ուղտափուշը, օշինդրը։

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  1. Ի՞նչ է պարարտանյութը: Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները:
  2. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել: Օրգանական, բակտերիոլոգիական, հանքային։
  3. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա: Օգտակար նյութեր է տալիս բույսերին նրանց լավ աճի համար։