Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդին բնորոշ են նեղլիկ ոլորապտույտ փողոցներ և հին շինություններ։

Կոնդի բարձունքին՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թ-ին կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին՝ հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ։
