Ծիրանի Ծառը Վիլյամ Սարոյան

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա արհամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է, ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին, հանդիսավոր ասաց Օգին, իսկ դու, Յուլիսիս, ասաց նա, գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Հրաժեշտ – Մնաս բարովի արարողություն՝ խոսք ևն, մնաս բարով

Վեհանձն – Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ

Հեղինակավոր – Հեղինակություն վայելող՝ ունեցող

Վճռական – Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող

Արհամարհել – Բանի տեղ չդնել

Զիլ – Բարձր և սուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s